Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հայկական առաջին պետական կազմավորումները․ Արատտա։ Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ Այդ մասին իմանում ենք Միջագետքի հարավում բնակված շումերների արձանագրություններից։

Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում, որը նման էր այսօրվա խորհրդարանին։ Շումերական բնագրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի, նաև սեփական գրի մասին։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

«Արմենիա» անվան հնագույն հիշատակությունները։ Օտար լեզուներում Հայաստանն ամենից ավելի ճանաչված է Արմենիա անվամբ կամ դրա տարբերակներով։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։ Միջագետքի սեպագիր արձանագրություններում այն հիշատակվում է Արմանի, իսկ Սիրիայից գտնված բնագրերում՝ Արմի ձևով։ Հնագույն արձանագրություններում նաև նշվում է, որ Արմի երկրում նաև ապրում էին «Հայայի որդիները», այսինքն՝ հայորդիները։

Հայասա թագավորությունը։ Ք․ա․ 25-23 դդ․ Հայաստանի արևմուտքում բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։

Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևակից բաղկացած բանակ։ Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին մեծ ուժ էր։

Նաիրի երկիրը։ Ք․ա․ 13-10 դդ․ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Հայկազունիների Արարատյան թագավորությունը։ Ք․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Թագավորության կենտրոնն Արարատյան դաշտում էր։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։ Այս թագավորության շնորհիվ «Ուրարտու» անունը շուտով հայտնի դարձավ նաև այլ ազգերի մեջ։ Եվ ամբողջ Հայաստանը նրանք սկսեցին կոչել այդ անունով։ Ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում Հայաստանն «Ուրարտու» է կոչվում մինչև Ք․ա․ 4-րդ դարի կեսը։

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Ք․ա․ 859 թ․, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։,

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *