Ես միշտ ասում էի,
որ մեր հին մարագը պիտի քանդվի,
նախ քանի որ
տանիքն ու առաստաղը փտած են,
կողքի է ծռված խղճուկ,
և ձմռան ձյունը տարեցտարի ավելի է նրան խեղճացնում՝
անվերջ վերցնում է իր վրա ու սպասում՝
այս ձմեռը կհանի՞, թե՞ ոչ․․․
Համ էլ նա մեզ այլևս պետք չէ,
լցվել է հազար ու մի անպետք աղբով,
և քամուց բացի այնտեղ ոչ ոք չի զվարճանում։
Բայց մարագի համար նորից գարուններ էին բացվում,
նորից լցվում էր անպետք իրերով՝
շպրտելու իրերով, որ ձեռքդ չի գնում՝ գցես։
Այս չորս ձագերին մեր մարագում օտար կատու է ծնել,
մայրս առաջինը տեսավ.
դուրս էր բերել ճարպիկը ու չորացնում էր արևի տակ։
Օ՜, ինչ անկեղծ զարմացանք։
Կատուներ ունենալ
երբեք չենք երազել,
հանկարծ մեղքի զգացում ունեցանք
այդ հին մարագի հանդեպ,
զգացինք մեզ բեդովլաթ ժառանգներ,
և կյանքի կարգը՝ անփոփոխ․
իրականության վերաճելուց առաջ
մեր առջև կանգնում է փոխաբերությունը՝
եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
Մենք կատուներ սիրող մարդիկ չէինք,
բայց մեկ է խոստովանեցինք,
որ սիրուն փիսիկներ են։
Շարում էր մայրը չալպտուրիկներին
և հեռվից զրից էր անում մեզ հետ․
-Սրանք էլ են Աստծո զավակներ, բա ի՞նչ անեմ,
գիտեք, թե ուրա՞խ էի սրանց ծնվելուց,
գիտեք հե՞շտ է թռցնել-թաքցնելը, էսքան բերան կերակրելը,
համ էլ էնպիսի հարևաններ ունեք, որ
ամեն կորած բանի համար ինձ են մեղադրում,
երեք անգամ կրակեց վրաս Բերիկենց հարբեցողը․․․
Բայց տեսեք՝ ինչ սիրուն փիսոներ են,
էս երեքը՝ սև-սպիտակները, ինձ են նմանվել,
իսկ չորրորդը՝ կրակագույնը՝ հորը։
Էդպես գիտեին գնչուները
նեղությունից խաղ սարքել․
Աստծո հույսին մնալը, գողությունն ու խաբեությունը
արվեստի էին վերածել․․․
Համ գողանում էին, համ աչքերիդ մեջ էին նայում,
ինչ-որ ուժերով տան դռան մոտ էին քեզ հասցնում,
ամբողջ բակով մեկ որ ցրվում էին
ու մի բան էին գտնում, տալիս քեզ՝
դժվար գտնվող բաներից,
քեզ, որ ամեն ինչ հիմարություն էիր համարում,
բայց մեկ է դեռ էդքան հևիհև չէիր շնչել,
էյդքան շատ բաների պահակ չես կանգնել
և նույնիսկ չես ճաշակել չնչին կորստի համը:
Իսկ ձագերը մեծանում էին, ամրանում էին ծնկները,
Անձրևից և քամուց կա՛մ մարագում էին թաքնվում,
Կա՛մ ազնվամորու ստվերում:
Եթե կողքով անցնեիր, ու մարագի դիմաց լինեին,
գետի կուլ տված ալիքի պես ներս էին վազում,
թե չէ նրանց կանգնելու տեղը բակի ծայրին էր։
Նրանց բռնել կամ սատկացնել
երբեք մեր մտքով չի անցել
չկարողացանք որևէ մեկի հետ ուղարկել գետի մյուս կողմ,
որ այնտեղ թողնեին, ու չգտնեին տան ճանապարհը։
Էդպես մնացին, աննկատ,
մեր աչքերն էլ ոչ միայն սովորեցին նրանց գոյությանը,
այլ հաճախ փնտրում էին նրանց նույնիսկ
բակի վերջում աճող ազնվամորու թփերում,
երբ մի քիչ դուրս էին հանում հետաքրքրասեր գլուխները։
Քիչ-քիչ համարձակությունը ավելացավ, ու քայլ առ քայլ,
Թիզ առ թիզ սկսեցին բակին տիրանալ։
Իսկ նրանց մայրը՝
միշտ մի կտոր բան ճարելու համար թափառող ու ման եկող,
ընդմիշտ ինչ-որ տեղում մնաց,
և հողը չորս փիսիկի որբությունից էլ ծանրացավ։
Բուսակեր էին մեծանում մեր փիսիկները։
Էդ կասկածը մտավ մեջս,
քանի որ մայրս հավերի ուտելիքը
մարագի դռան մոտ էր թողնում՝
երբեմն կարծես մոռանալով,
կամ ուղղակի ծուլանում էր վերադառնալ,
անզգուշաբար ձեռքը թափահարում ու ասում՝ դե լավ, ջհանդամը։
Հետո ես էլ տեսա փիսկիներից մեկին, որ հացթուխի պես
կախվել էր խորը կաթսայի մեջ
և թեփախառը կանաչեղեն էր ուտում։
Ժամանակի հետ փիսոները ավելի էին գեղեցկանում,
ավելի մեծ տեղ էին գրավում և՛ բակում, և՛ մեր կյանքում,
նրանց մեջ էլ կար և ավելի վախկոտը, և ավելի համարձակը.
և մինջինը՝ մինչև պատշգամբ հասնող,
և նրանք էլ էին ցանկանում արտահայտել իրենց զգացմունքները.
երբ մեզնից մեկը (ուրիշներից գաղտնի)
մի լավ թիքա էր տալիս։
Էդ ժամանակ կհասկանայիք, թե ինչ է մարդու համար ուտելը․
կշտացած գլուխկոնծի էին տալիս
ու ծնկներն ուժ առած՝ թառում ծառի ճյուղերին։
Ամառն ու աշունն էսպես անցան,
և փիսոներն արդեն պտտվում էին պատշգամբի դռան մոտ,
բայց քանի որ նրանք ապօրինի ծնունդներ էին,
և մայրս էլ ինքն իրեն հազիվ էր տեր կանգնում,
և եթե նա մեկ անգամ տուն թողներ, թեկուզ տաքանալու,
պրծում չէր ունենա,
ուրեմն թող ուրիշների պես ապրեն՝
վայրի կատուների, գայլերի,
նրանք մեզ են պատկանում էնքան, որքան աշխարհին…
Ես անգամ մեկ բառ չէի կարողանում գտնել
փիսոներին պարզերես անելու համար.
ճիշտ է, կատվին չես կարող արգելել
խալխի մարագում ձագ հանել,
բայց չես կարող նաև հրամայել մարդուն
ավելորդ հոգսեր շալակն առնել:
Բայց նաև
երբ մարդը միայնակ է կռիվ տալիս կյանքի և մենակության դեմ,
գնահատել էլ պետք է կարողանալ․
ի՞նչ կապ ունի՝ կատու, շուն, թե բուխարու կրակ։
Ձմեռվա կեսին, եսիմ երբ կարողացա գյուղ գնալ․
երբ բարձրացա պատշգամբ և սկսեցի ձյունը թափել ուսերիցս,
և իմ հաստ ներբաններով կոշիկները խփեցի հատակին,
երբ գլուխս բարձրացրի և նայեցի քրտնած պատուհաններին,
ամեն ինչ հասկացա։
Երբ ձմեռեց, և մայրս վերջնականապես ինձնից հույսը կտրեց,
երբ ձմռան երկար գիշերներին սկսեց դիմադրել գործելով,
բացեց դուռը փիսոների առջև և տուն թողեց…
Եվ հիմա նրանք բոլորը նայում են ինձ էդ պատուհանից՝
մանվածքի խայտաբղետ գնդիկների պես շարված,
Ներդաշնակ և մի բարձի ծերացած ծերուկների պես։
Հեղինակ՝ Բեսիկ Խարանաուլի
Առաջադրանքներ՝
- Բացատրի՛ր միտքը՝ եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
Այն, ինչ ունես ,պետք է լավ պահես։
- Ինչպիսին էին փիսոները։
Նրանք փոքրիկ էին։ Երեքը սպիտակ էին, իսկ մեկը շեկ` հայրիկի պես։
- Ինչով էր պայմանավորված փիսոներին ներս թողնելը։
Ձմեռը շատ ցուրտ էր, մայրիկը խղճաց և կատուներին ներս թողեց։
- Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։
Որ պետք է ընտանիքիդ մասին հոգ տանես։