Հայրենիքում Ե․ Չարենց

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

 

Ես իմ անուշ Հայաստանի 

 

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar